Կարևոր զանգեր… Փաշինյանը խոսել է Պուտինի և Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: