Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», — լրագրողներին ասել է Սիդորովը։
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում», — ընդգծել է նա:
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։
«Հույս ունենք, որ հետագայում ևս գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և ուժերի կիրառման», — հավելել է նա: