Հյուսիսային Կորեայում գեղեցկության մասնավոր սրահներն ու վարսավիրանոցները զանգվածաբար փակում են՝ դրանք համարելով «հակասոցիալիստական եւ ոչ սոցիալիստական վարքագծի» դրսեւորում, որը քարոզում է «անհատականություն», հայտնում է Daily NK-ն։
Ըստ աղբյուրի՝ լայնածավալ «բռնաճնշումները» գեղեցկության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների նկատմամբ սկսվել են 2022 թվականի օգոստոսի վերջից։
Հյուսիսային Կորեայում մասնավոր վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները հարկեր չեն վճարում՝ ի տարբերություն պաշտոնական պետական կազմակերպությունների։ Հարկերից խուսափելու հնարավորությունը բազմաթիվ քաղաքացիների դրդել է ապօրինի վարսավիրանոցներ եւ գեղեցկության սրահներ բացել, ինչը նրանց լավ գումար վաստակելու հնարավորություն է տվել։
Նշվում է, որ նման կազմակերպությունները սիրված են երիտասարդների կողմից, քանի որ այնտեղ նրանք հնարավորություն ունեն իրենց արտաքինի հետ անել այն, ինչ իրենց դուր է գալիս։ Միեւնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի պետական վարսավիրանոցներն ունեն հնարավոր ծառայությունների եւ ոճերի ֆիքսված գիծ:
Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ մասնավոր վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները «անհատականության եւ հակասոցիալիստական ու ոչ սոցիալիստական վարքագծի» արդյունք են, որը նպաստում է սոցիալական անկայունությանը»: Այն քաղաքացիներին, որոնք անօրինական գործունեությամբ կզբաղվեն, սպառնում է 100 000 վոնի տուգանք եւ քրեական հետապնդում։