Ինչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում սահմաններին և Հայաստանի շուրջ. Բոլոր մանրամասները

ՄԻՊ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ մյուս շրջանների վարչական ղեկավարները։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար, հրաժարվել ուժի կիրառումից, հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Տոկաևը նիստի ժամանակ ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերին կոչ է արել բանակցություններ սկսել, նշված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է Հայաստանի նախաձեռնությամբ և տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, որոշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախագահությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարությունը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ առաքելություն ուղարկել Հայաստանի Հանրապետություն՝ առկա իրավիճակը գնահատելու, Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում (որը նախատեսված է անցկացնել աշնանը՝ Երևանում) տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների վերաբերյալ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց ներկայացնելու համար»,- նշված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում։ Նիստում որոշվել է նաև ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներից և միացյալ շտաբի զինվորական անձնակազմից՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի մշտադիտարկման համար։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ — ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել: Խոսնակը շարունակել է` շրջանառվում է տեսագրություն, որտեղ «երևում է վիրավորված մեր հայրենակիցը, որը գերեվարված է և ադրբեջանական վերահսկողության ներքո է, և որի իրավունքների պաշտպանության նպատակով մենք արդեն ներկայացրել ենք դիմում Եվրոպական դատարան»:

Դիմումով պահանջվում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, «ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչև նրա հայրենադարձումը»:

Ներկայացուցչի գրասենյակից նշել են, որ վաղը մանրամասն տեղեկատվություն կփոխանցեն:

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:
Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը, ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետանքների վերացման համատեքտում։