Ինչ է կատարվել գիշերվա ընթացքում սահմանին և Հայաստանում. Բոլոր մանրամասները

Ժամը 05։00 –ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություն չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-եր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ ՀՀ ԶՈՒ համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի հետ մղմանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։ Հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, հայտարարել է Բլինկենը։