Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:
Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:
քարոզեցին, և երջանիկ առաքյալները խաչով երևացին ահավոր դևերին: Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:
Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», – այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
* * *
Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում: