Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրամայել է պատրաստ լինել… Ինչ է կատարվում Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում։

Բանակի հրամանատարության հետ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է նաև ադրբեջանա-հայկական պետական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։

Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: