Հայկոն նոր «ետնամուտք» է փնտրում, որ մտնի

Երեւանի նախկին քաղաքապետ, հումորիստ եւ դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին ներկայացրեց իր մոնոներկայացման անոնսը, որը, ինչպես հասկացանք, քաղաքական սատիրայի ժանրում է լինելու։ Ներկայացումը կոչվում է «Քաղաքապետը»։ Անոնսից արդեն երեւում է, որ նախկին քաղաքապետը, ի թիվս այլոց, իր սատիրայի թիրախ է դարձրել Էդմոն Մարուքյանին, ով ուզում է մտնել «քաղաքապետարան» «ետնամուտքով», որտեղ մեծ հերթ է գոյացել: Անոնսն ինտրիգային էր, հետեւաբար, հանդիսատեսը շտապեց ձեռք բերել տոմսեր, որոնք մի քանի ժամում սպառվեցին: Ենթադրելի է, որ ներկայացումը բավականին հետաքրքիր կլինի, քանի որ Մարությանը Երեւանի քաղաքապետի աշխատանքը կներկայացնի հենց ներսից՝ քաղաքապետի աշխատասենյակից, «ետնամուտքից» սկսած, մինչեւ «ելքի» դռներ: 

Ինչո՞ւ Մարությանը հանկարծ դարձավ Փաշինյանին ու նրա թիմին ընդդիմադիր: Մարդ, ով «սեւ-սպիտակների» բաժանարարի հեղինակն է, ինչո՞ւ այսպես սեւացավ ու դարձավ «սեւ ածուխ»: Մարությանը դեռ մինչեւ 2018-ն ընդդիմադիր ակտիվ ցուցարար էր, իսկ 2018-ին կանգնած էր Փաշինյանի կողքին: Գուցե նա էլ շատերի նման երկրում դրական փոփոխություններ էր ուզում եւ շատերի նման միամտաբար հավատաց Փաշինյանի թիմին: Սակայն, հենց հարմար պահը եկավ, նա գնաց շատ հավակնոտ քայլի՝ համաձայնեց դառնալ Երեւանի քաղաքապետ: Երեւանի հանդեպ սե՞րը Մարությանին ստիպեց գնալ նման քայլի, թե՞ փառամոլությունը, պաշտոն ունենալու մոլուցքը:

Մի՞թե նա չգիտեր, որ ինքն այն ֆիգուրը չէ, որ կարողանա ղեկավարել մեր երկրի մայրաքաղաքը: Այս քայլով Մարությանը կորցրեց իր երբեմնի՝ դերասանի ու հումորիստի վարկանիշը, դարձավ շարքային պաշտոնամոլ՝ իր բոլոր բացասական գծերով: Մարդ, ով սարկազմի էր ենթարկում շատերին, ինքը դարձավ սարկազմի առարկա, համացանցում ու հեռուստաալիքներով սկսեցին ակտիվորեն եթեր հեռարձակվել նրա՝ սուպերմամայի, Ազիզյան Գառնիկի եւ այլոց կերպարները:
Որպես դերասան ու հումորիստ, հավանաբար, Մարությանը կարող է վերագտնել իրեն, բայց քաղաքականություն վերադառնալու որեւէ հնարավորություն, կարծում եմ, չունի: Ուստի, նախ պետք է հասարակության մեջ դուրս գալու երեսատեղ բացել, ու դա փորձեց անել ներկայացման անոնսով: Հիմա ի՞նչ է ուզում անել Մարությանը: Այն տպավորությունն է, որ ընդդիմության դաշտում նոր ետնամուտք է փնտրում՝ մտնելու համար, ուզում է ինչ-որ կերպ լվանալ անունը, Փաշինյանի իշխանության մաս կազմողի խարանը: Իհարկե, մի փոքր մեղմացուցիչ հանգամանք կա. պատերազմից հետո նա խզեց կապերը պարտված իշխանության հետ, դուրս եկավ իշխանությունից՝ առջեւի մուտքից: Կարեւոր չէ՝ նրան հեռացրի՞ն, թե՞ ինքը հեռացավ: Ամեն դեպքում, Մարությանը չշարունակեց իր ճանապարհը պատերազմում պարտվածների հետ: Ի տարբերություն Մարուքյանի, ով ընդդիմադիրի դերի մեջ էր մտել ու ընդդիմադիր ներկայացումներ էր տալիս, բայց հենց պահը եկավ, ետնամուտքից ներս սողոսկեց ու դարձավ Փաշինյանի չգիտես ինչի դեսպանը: Բայց Մարուքյանն ու Մարությանն արժանի են իրար…

Սակայն Մարությանը մինչ ընդդիմության շարքերը կամ հասարակության մեջ ետնամուտքով ներս մտնելը, նախ պետք է անցնի «քավարանով» ու շատ հարցերի պատասխանի, թե ինչ խղճով էր մայրաքաղաքի բյուջեն աջուձախ պարգեւավճարների տեսքով շռայլում, թե ինչ խղճով 44-օրյա պատերազմից հետո, երբ վիրավոր, հաշմանդամ զինվորները բուժվելու, ընտանիքները՝ սոցիալական խնդիրների առաջ էին կանգնած, քաղաքապետարանի աշխատողները 70 մլն դրամ պարգեւավճար էին ստանում: Եվ ամենասկանդալայինը. Մարությանը պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց ստեղծեց «Երեւան ջոկատ» ՀԿ-ն, որի հանգանակած գումարներն ու ծախսելու նպատակները մնացին հանրությանն անհայտ: Իսկ որպես «ռազմահայրենասիրության» մեծ դրսեւորում՝ դերասան-քաղաքապետը գնաց դիրքեր եւ զինվորական համազգեստով սելֆի արեց: Լուսանկարվելու այդ արարողության համար էլ, պարզվեց, Մարությանը հատուկ ֆոնդ է ստեղծել: Այդ ժամանակ մամուլը գրեց. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատերազմի վերջին 8 օրը для галочки դիրքերում հայտնվելու եւ այնտեղից մեկ լուսանկար հրապարակելու համար, պարզվում է, հատուկ ֆոնդ է ստեղծել ու մեծ գումարներ է ծախսել: Yerevan.Today-ը բացահայտել է փողեր շրջանառած օղակի անունը. Մարությանը հայրենասիրաբար իր նոր կազմակերպությունն անվանակոչել է «Երեւան ջոկատ» ռազմահայրենասիրական ՀԿ, գրանցել է պատերազմն սկսվելուց մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին: Իրական նպատակը պարզ չէ, բայց շրջանառվող լուրերն են բավականին սկանդալային: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես ընդունել է, որ, այո, այս ՀԿ-ն ստեղծել է քաղաքապետ Հայկ Մարությանը, բայց փաստաթղթավորման դաշտում ուրիշի անունն է, իսկ փողերի թեման, ՀԿ գործունեության վայրը, հասցեն, աշխատակազմի անվանացանկ եւ այլն, համարել է հույժ գաղտնի ու հրաժարվել է հրապարակել»:

Հետաքրքիր է, Մարությանն իր «Քաղաքապետը» ներկայացման մեջ բարձրաձայնելո՞ւ է իր՝ դիրքերում սելֆի անելու ու դրա համար հանգանակություն կազմակերպելու, պարգեւավճարների ու մյուս քայլերի մասին: Ինչպե՞ս է իր կերպարը ներկայացնելու երգիծաբանը, երբ ինքը Երեւանի երբեւէ եղած քաղաքապետերից ամենազավեշտալին, ամենապատեհապաշտը, ամենածաղրվածն ու ամենաանհաջողն է եղել: