Սննդամթերքը երեկվա համեմատ թանկացել է՝ զատո Նիկոլի օրոք թոշակները 1900-3000 դրամով բարձրացվեցին

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Այսօր Երևանի մթերային խանութներում եռուզեռ էր: Երեկ հայաստանցի թոշակառուները թոշակ էին ստացել: Խոսակցությունների հիմնական թեման թոշակների բարձրացումն է: Ոմանց թոշակը 1900 դրամով էր ավելացել, մյուսներինը՝ 3000-ով:

Ակամա լսում էի թոշակառուներին: Բոլորը գոհ էին: Շատերն ասում էին, որ Փաշինյան Նիկոլի օրոք արդեն 3-րդ անգամ է թոշակը բարձրացվել:

Տպավորություն էր, որ բոլորը երջանիկ են: Փաստորեն, նրանց երջանկությունը 1900-3000 ՀՀ դրամ արժեք ուներ: Իսկ մենք այստեղ՝ վիրտուալ հարթությունում, բարձր արժեքներից ենք խոսում, Արցախից, պետականությունից, Բերձորից, Տիգրանաշենից և Արծվաշենից: Հետո զարմանում ենք, թե ովքեր են այն 680 000-ը, որոնք Փաշինյան Նիկոլ են ընտրել: Ի՞նչ արժեք, ի՞նչ պետականություն: Բնակչությանը կարելի է երջանկացնել ընդամենը 5-7.5 ԱՄՆ դոլարով:
Հասկացա, որ Փաշինյան Նիկոլը ճիշտ է, մենք՝ սխալ:

ՀԳ. Նկատեցի նաև, որ սննդամթերքը, երեկվա համեմատ, թանկացել էր: Թոշակառուները դա չէին կարող չնկատել, սակայն չնկատելու էին տալիս, որ չապաերջանկանան և հպարտորեն պնդեն, որ «зато Փաշինյան Նիկոլի օրոք թոշակները 1900-3000 ՀՀ դրամով բարձրացվեցին»: