Ավագ լեյտենանտ Հայրապետ Միքայելյանն այսօր կդառնար 28 տարեկան, բայց իր կյանքը զոհեց հանուն բոլորիս հայրենիքի՝ այդպես էլ չտեսնելով երկրորդ դստեր՝ Էմիլիի ծնունդը

Ավագ լեյտենանտ Հայրապետ Միքայելյանը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այն ավարտելուց հետո որպես սպա ծառայությունը շարունակում է սկզբում Կապանի, ապա՝ Սանասարի (Կուբաթլու) զորամասում։

Տանկային դասակի հրամանատար էր։ 2020 թվականի օգոստոսի 15-ին Հայրապետը մեկնում է Աստրախան՝ զորավարժությունների։ Պատերազմի լուրն առնելուն պես անմիջապես վերադառնում են Հայաստան ու մեկնում ուղիղ Ջրական (Ջեբրայիլ)։
Հոկտեմբերի 15-ին, կարևոր առաջադրանքը կատարելիս, անօդաչուի հարվածից զոհվում է Հայրապետը։ Ասում են, որ մինչև զոհվելը նա հասցրել էր զեկուցել. «Հրամանը կատարված ա»…

Հայրապետն ամուսնացած էր, մեկ դուստր ուներ։ Նա կյանքը տվեց հանուն հայրենիքի, այդպես էլ չտեսնելով երկրորդ դստեր՝ Էմիլիի ծնունդը։

Այսօր Հայրապետի ծննդյան օրն է։ Նա կդառնար 28 տարեկան, բայց իր կյանքը զոհեց հանուն բոլորիս հայրենիքի։ Զոհվեց՝ չտեսնելով, թե ինչպես են մեծանում իր երեխաները։

Երկնային ծնունդդ շնորհավոր, ախպեր ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։

Արամ Գեվորգյանի ֆեյսբուքյան էջից