Ադրբեջանը Կարմիր խաչի միջոցով գումար է փոխանցել Արցախի իշխանություններին. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ArmDaily-ի աղբյուրները հերթական աղմկահարույց տեղեկությունն են հաղորդել Արցախից։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, Ադրբեջանը Կարմիր խաչի միջոցով (Կարմիր Խաչին օգտագործելով միայն որպես միջանցիկ ալիք` Կարմիր Խաչին բացատրելով, որ դա հումանիտար նպատակներով է) «կլորիկ» գումար է փոխանցել Արցախի իշխանությանը՝ Բերձորի և Աղավնոյի բնակիչների համար տներ գնելու նպատակով։ Ըստ այդ նույն աղբյուրների` գումարը ներառել է նաև մեծ մասնաբաժին հենց իրենց` Ստեփանակերտի իշխանությունների համար, Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի և այլոց։ Դրա դիմաց ադրբեջանական կողմը Արցախի իշխանությունից պահանջել է գործի դնել բոլոր միջոցները՝ արգելելու համար բնակիչներին այրել իրենց տները։

Ըստ մեր աղբյուրի՝ այդ գործին լծվել են նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մերձավորները, որոնք մինչև բնակավայրերի հայաթափումը, պարբերաբար այցելել են Աղավնո և Բերձոր, հորդորել, ճնշել, իսկ առանձին դեպքերում նաև սպառնացել, որպեսզի բնակիչները հեռանալուց առաջ չհրկիզեն իրենց տները։ Որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից` գործընթացին ակտիվորեն մասնակցել են ռուսական զորքերը։ Արդյունքում՝ նշված բնակավայրերում ընդամենը մի քանիսին է հաջողվել այրել սեփական ձեռքերով կառուցածը, իսկ տների մեծ մասը կանգուն են՝ իրենց տեղում, որպես նվեր Ադրբեջանին։

Մասնավորապես, աղմուկ է հանել ԱԺԲ անդամ Մարտիրոս Հակոբյանի դեպքը, որը ռուսական զորքից գաղտնի և նրանց հակառակ՝ այրել է իր տունը, և որի պատճառով ռուսներն առգրավել են նրա մեքենան և ,ինչպես փոխանցել է Հակոբյանը, ցանկացել իրեն հանձնել ադրբեջանցիներին` գերության։

Արցախի իշխանությանը գումար փոխանցելու մասին տեղեկությունը ճշտելու նպատակով ArmDaily-ին կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակի հետ։ Լուսինե Ավանեսյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Ուշագրավն այն է, որ Արայիկ Հարությունյանի խոսնակը, ըստ էության, ո՛չ հերքեց, և ո՛չ էլ հաստատեց լուրը։

Ինչևէ, ստացվում է՝ ստանձնած առաքելությունը ճշգրտորեն կատարված է։ Բերձորը, Աղավնոն ու Սուսը Բաքվի տված վերջնաժամկետի պահին ամբողջությամբ դատարկ էին, տների մեծ մասն՝ անվնաս, իսկ այսօրվանից արդեն ադրբեջանցիներն են դրանք տնօրինում։ Ինչպես Թվիթերի իր էջում հայտնել է Ալիևը, ադրբեջանական բանակն այսօր մտել ու տեղակայվել է Բերձորում (Լաչինում), վերահսկողությանն տակ են վերցված Աղավնո (ըստ իրենց տեղանվանման` Զաբուխ) և Սուս գյուղերը։ «Да здравствует Лачин! Да здравствует Азербайджан!»,- շնորհավորելով ադրբեջանցիներին՝ գրել է Իլհամ Ալիևը։