Բեյրութում երկու զավակներին կորցրած Խաչատուրյանները երկրորդ անգամ են տեղահանվում՝ այս անգամ Աղավնոյից: 2015 թվականին, երբ Խաչատուր Խաչատուրյանի որդիները զոհվեցին Սիրիայի պատերազմի հետ կապված ներլիբանյանյան հակամարտության ժամանակ, նա իր կնոջ՝ Մարոյի, եւ երկու զավակների հետ տեղափոխվել է Արցախի Աղավնո գյուղ եւ վերջին յոթ տարիներին բնակվել այնտեղ:
Օգոստոսի 15-ին Խաչատուրյանները ստիպված են եղել հավաքել ամբողջ գույքը եւ դուրս գալ տնից՝ փորձելով ամեն ինչ սկսել նորից, այս անգամ Արարատի մարզի Այնթապ գյուղում:
Գրեթե տասը օր է անցել, ինչ նրանք հարկադրաբար դուրս են եկել Աղավնոյից, բայց Խաչատուրը դեռեւս չի հարմարվում Այնթապի իրենց նոր տանը: Արդեն հասցրել է կարոտել թե՛ գյուղին, թե՛ գյուղացիներին:
Խաչատուրը դեռ չգիտի՝ որտեղ է տեղավորելու Աղավնոյից բերված ապրանքները: Տիկին Մարոն մի կերպ փորձում է բերված իրերը դասավորել, տունը կարգի բերել՝ քթի տակ շշնջալով՝ «ի՞նչ արեցին, ի՞նչ օրի ընկանք»:
Խաչատուրյանների ընտանիքը դեռ մտածում է՝ շարունակի ապրել Հայաստանո՞ւմ, թե վերադառնա Լիբանան: Խաչատուրն ասում է. «Երանի թե Աղավնոյում ինձ հյուր գայիք»:
Խաչատուրյանների հյուրասեղանին դրված է Աղավնոյից բերված հայկական երկու հանրապետությունների դրոշները: Խաչատուրը թախծոտ հայացքով նայում է դրանց ու ասում. «Արցախի եւ Հայաստանի դրոշները պետք է մեկ գույն լինեին, չթողեցին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1–ին շփման գծում իրավիճակը լարվել էր, ինչի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ, եւս 19 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել էր, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպել:
Արդեն օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել էր, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվեն ռուս խաղաղապահները։ Օգոստոսի 18-ից Բերձորում եւ Աղավնոյում անջատվել է էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, ինտերնետ կապը, գազը, ավելի ուշ նաեւ ջուրը: