Գյուղում մի ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորները նախանձում էին նրան, որովհետև նա սքանչելի սպիտակ մի ձի ուներ: Թագավորները նրան շատ մեծ գին էին տալիս, բայց ծերունին միշտ ասում էր.
— Այս ձին ինձ համար պարզապես ձի չէ, ընկեր է, ինչպե՞ս կարող եմ վաճառել ընկերոջս:
Ծերունին թեև աղքատ էր, բայց ձին չէր վաճառում:
Մի անգամ նա տեսավ, որ ձին մսուրում չէ: Ամբողջ գյուղը հավաքվեց ու մարդիկ ասացին.
— Դու հիմար ծերուկ ես: Մենք գիտեինք, որ մի օր այդպես էլ լինելու էր: Ավելի լավ կլիներ ձին վաճառեիր: Ա´յ քեզ դժբախտություն:
— Այդպես ասելով շատ հեռուն մի գնացեք: Պարզապես ասեք, որ ձին տեղում չէ , — պատասխանեց նրանց ծերունին: — Փաստը դա է, մնացածը դատողություն է: Ինչ էլ որ եղած լինի` դժբախտություն է, թե օրհնություն, ես չգիտեմ, որովհետև դա ընդամենը դրվագ է: Ո՞վ գիտի, թե հետո ինչ է լինելու:
Մարդիկ ծիծաղում էին ծերուկի վրա, բայց ընդամենը 15 օր անց գիշերը ձին վերադարձավ: Ձին չէին գողացել, պարզապես փախել էր դեպի ազատություն և հիմա նույնիսկ իր հետ մի դյուժին ձի էր բերել: Մարդիկ դարձյալ հավաքվեցին ու ասացին.
— Ծերուկ դու ճիշտ էիր: Սա դժբախտություն չէր, այլ՝ օրհնություն:
— Դուք դարձյալ հեռուն եք գնում: Պարզապես ասացեք, որ ձին վերադարձել է, ով գիտե՝ սա օրհնություն է, թե ոչ: Դուք ընդամենը մի բառ եք կարդացել, ինչպե՞ս կարող եք դատել ամբողջ գրքի մասին:
Ծերունին ընդամենը մինուճար մի որդի ուներ: Նա սկսեց հեծնել, քշել ու վարժեցնել ձիերին: Ընդամենը մեկ շաբաթ անց ընկնելով ձիուց՝ ջարդեց երկու ոտքերը: Մարդիկ նորից հավաքվեցին դատողություն անելու.
— Դու դարձյալ ապացուցեցիր քո իրավացիությունը: Սա դժբախտություն է: Քո միակ որդին կորցրել է իր զույգ ոտքերը, իսկ այս տարիքում նա քո միակ ապավենն է:
— Դուք պարզապես դատելու մոլուցքով եք բռնված: Այդքան հեռու մի գնացեք: Ասացեք միայն, որ տղաս կոտրել է իր ոտքերը: Կյանքը կտորներով է գալիս, իսկ ավելին մեզ տրված չէ:
Այնպես եղավ, որ մի քանի շաբաթ անց պատերազմ սկսվեց ու բոլոր պատանիները գնացին բանակ: Ամբողջ գյուղը գոռում ու լալիս էր, որովհետև նրանք գիտեին, որ երիտասարդների մեծամասնությունը չի վերադառնա: Նրանք եկան ծերունու մոտ ու ասացին.
— Դու ճիշտ ես ծերուկ. հիմա ակնհայտ է, որ դա օրհնություն էր: Չնայած քո որդին հաշմանդամ է, բայց նա քեզ հետ է, իսկ մեր որդիները գնացին ընդմիշտ:
Ծերունին ասաց.
— Դուք շարունակում եք դատել: Ոչ ոք դա չգիտի: Միայն ասացեք, որ ձեր որդիները պիտանի են բանակի համար, իսկ իմը` ոչ: Միայն Աստված գիտի` դա դժբախտություն է, թե օրհնություն: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԿԱ. ՄԻ՛ ԴԱՏԵՔ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ։