ԱՂՈԹՔ ՄԱՔՈՒՐ ԲԵՐԱՆՈՎ

Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր Պատարագներին, ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ. եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս, մշտապես հայհոյում էր կամ անիծում:

Մի օր էլ երազին Քրիստոս երևում է նրան և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել: Հարցնում է Քրիստոսին.

— Տեր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չէ մաքուր բաժակով տալ:
Քրիստոս պատասխանում է.

— Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս շատ ես հայհոյում ու մաքուր չես պահում բերանդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:

ԼԵԶՈՒՆ ԱՍՏՎԱԾ ՏՎԵԼ Է ՕՐՀՆԵԼՈՒ, ԲԱՐԻ ԽՈՍՔ ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՉ ԹԵ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ, ԱՆԻԾԵԼՈՒ ԵՒ ՉԱՐԱԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԼԵԶՈՒՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԴՐԱՆՈՎ ԵՔ ԱՐԴԱՐԱՑՎԵԼՈՒ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼՈՒ։