Հրապարակը գրում է. Հայաստանի լայն բացված դարպասներով արդեն ելումուտ են անում ադրբեջանցիները: Ու այնքան վստահ են իրենց պահում, որ քաղաք են դուրս գալիս օրը ցերեկով, քայլում փողոցներով, օգտվում առեւտրի ու սպասարկման օբյեկտներից:
Օգոստոսի 17-ին Արմավիր քաղաքում երկու ադրբեջանցու է բացահայտել իրավապաշտպան, ազգությամբ եզդի Այսեր Իսայանը: Ադրբեջանցիներն անցնելիս են եղել քաղաքի կենտրոնական փողոցով. քայլել են հանգիստ, իրար հետ զրուցելով, ասես իրենց երկրում են:
Նա մեզ պատմեց․ «Հանրապետության 28 հասցեում իմ գրասենյակն է, դիմացի մայթին՝ դատարանը: Գրասենյակի դիմաց կանգնած էի, մեկ էլ ուշադրությունս գրավեցին միջին տարիքի երկու տղամարդ, ովքեր մայթով քայլում էին ու խոսում ադրբեջաներեն: Ես արեւելագետ եմ, փոքրիշատե տիրապետում եմ պարսկերենին ու քրդական բարբառներին. ուշադրությունս գրավեց հատկապես նրանց խոսակցականը, որում թուրքերեն բառեր որսացի: Ձայն տվեցի, որ կանգնեն: Չենթարկվեցին: Ավելի բարձր գոռացի, կանգնեցին: Մոտեցա, պարսկերենով հարցրի՝ հայերեն խոսո՞ւմ եք, ասացին՝ չէ: Շարունակեցի՝ ի՞նչ ազգ եք: Դրանցից մեկն ասաց, որ ադրբեջանցիներ են՝ պարսկական անձնագրերով: Այս երկխոսության ընթացքում չեք պատկերացնի, թե ինչքան ագրեսիա ու հեգնանք կար նրանց խոսքի մեջ, որը նշանակում էր՝ «պռախոդ» ունենք, ու թքած, թե ձեզ դուր չի գալիս մեր այստեղ գտնվելը: Եթե ինձ մի կերպ չտիրապետեի, դրանց սադրիչ պահվածքից, կքաշքշեինք իրար»:
Ավելորդ քաշքշուկից խուսափելու համար Իսայանը զանգահարել է 1-02: Ու մինչ կհաղորդեր պատահածը, տեսել է, որ կողքով ոստիկանական մեքենա է անցնում՝ կանգնեցրել է: Պահը որսալով՝ ադրբեջանցիները դիմել են փախուստի:
«…Ու սկսվեց կինոն. դրանք վազում էին, ոստիկանները՝ նրանց հետեւից: Ես բղավելով՝ քաղաքացիների ուշադրությունն էի հրավիրում, որ նրանք եւս հետապնդեն, բռնեն ադրբեջանցիներին: Քաղաքի այդ հատվածում այնպիսի մի իրարանցում սկսվեց, որ հետիոտն, թե մեքենաներով, բոլորը սկսեցին հետապնդել դրանց: Շնորհակալություն ոստիկաններին ու քաղաքացիներին, որոնց համատեղ ուժերով այդ երկուսին շուրջկալի մեջ առանք մարզպետարանի կողքի այգու մոտ»,- պատմում է իրավապաշտպանը:
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցիներին տարել են ոստիկանության Արմավիրի բաժին: Իսկ թե ինչ է եղել հետո, չգիտի, որովհետեւ ոստիկանությունից դուրս է եկել, իր ձեւակերպմամբ՝ քանի դեռ կարողացել է ինքնատիրապետումը չկորցնել: «Արժանապատվությունս վիրավորվեց, երբ տեսա, որ դրանց հետեւից հայ փաստաբաններ են եկել: Փաստաթղթերն էին ներկայացնում: Էդ տեսարանին չդիմացա, դուրս եկա, որ փաստաբաններին չանպատվեմ… Զայրացած եմ. լավ, ձեր ազգային արժանապատվությունը չի՞ վիրավորվում, որ ձեռք եք մեկնում, թշնամուց փող եք վերցնում: Ձեր մասնագիտական խիղճն ինչպե՞ս է թույլ տալիս խուժանի շահերը պաշտպանել մի երկրում, որին նսեմացնում, ծաղրուծանակի են ենթարկում…»։
Իրավապաշտպանի տեղեկություններով, ադրբեջանցիներն աշխատում են Քարակերտ եւ Լեռնագոգ գյուղերի արանքում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում: Գործարանը, ըստ նրա, իրանցիներինն է, որտեղ նաեւ ադրբեջանցիներ են աշխատում՝ 38 հոգի:
Վերջիններս, ի դեպ, վարձակալությամբ բնակվում են Արմավիր քաղաքում՝ «Լեւակ» շինանյութի առեւտրային կենտրոնի հետնամասի բազմաբնակարան շենքում: Իրավապաշտպանի ասելով՝ շենքը ռուսական սահմանապահ զորամասի հարեւանությամբ է: