Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից 2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները ու մինչ նրանք դեպքի վայրում զննություն էին կատարում, Վաղարշապատի ոստիկանները ՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել: