Դաժան ու ողբերգական դեպք. Ամուսինը սպանել է կնոջը, հետո ինքնասպան եղել

Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

Ոստիկանները Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերել են «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների, սպանությունը կատարողինն է, ով սպանությունը կատարելուց հետո ավտոմեքենայով եկել է Նոր Հաճնի կամուրջ, կայանել ավտոմեքենան ու իրեն ցած նետել։