«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո սոցիալական տարբեր հարթակներում կարծիքներ են շրջանառվում, որ պայթյունի հետ կարող են առնչություն ունենալ այն ընկերությունները, որոնք առևտրի կենտրոնի տարածքով կարող էին հետաքրքրված լինել։ Այդ ընկերությունների թվում շրջանառվում էր նաև «ՍԻԼ գրուպ»–ի անունը։
Այս առնչությամբ «ՍԻԼ գրուպ»–ի անունից պարզաբանում է տվել Աննա Մկրտչյանը.
«Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գռուպի հետ։ Պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու՝ մարդ ինչ աստիճանի պղծված պետք է լինի, որ տեղի ունեցած ողբերգությունից էլ փորձի քաղաքական դիվիդենտներ քաղել և մրոտել մյուս հայ քաղաքացուն։ Տականքներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չկա։ Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»։