«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ են նաև 2 քույրեր` Մարիամ և Սիրարփի Խաչատրյանները, որոնցից մեկը հղի է և դեպքի վայրում է եղել 5–ամյա որդու հետ։
Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է Արայիկ Մկրտումյանը, որը որոնվող քույրերից մեկի ամուսնու եղբայրն է։
«Եղբորս հղի կինը, նրա 5 տարեկան տղան և եղբորս կնոջ քույրը եկել էին առևտուր անելու։ Երեկ գիշերվանից մենք ձեռքերով քարերը հեռացնում ենք այն տարածքից, որտեղ ենթադրվում է, որ նրանք են»,–ասել է Մկրտումյանը` վրդովված ասելով, որ գոհ չեն փրկարարների աշխատանքներից։
Լրագրողների հետ զրուցել թ նաև մի տղամարդ, որը ներկայացել է որպես որոնվող 2 քույրերի հարազատ. նա հայտնել է, որ կեսգիշերին մոտ եկել է «Սուրմալուի» տարածք` իր քույրերի ճակատագրի մասին տեղեկանալու, որոնողական աշխատանքներին մասնակցելու։
«Երկու քույրերը եկել էին նոր ծնվող երեխայի համար շուկայից շորեր գնելու»,– ասել է նա։
Տղամարդը պատմել է նաև, որ առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկն ասել է, որ փլատակներից օգնության ձայն է լսել. մի կին ասել է, որ հղիի ու մի երեխայի հետ նկուղային հարկում են։ Դրանից հետո կապը կորել է, այլևս որևէ տեղեկություն չունեն։