Ալիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել Բերձորը, Աղավնոն և Սուսը, իսկ հայ բնակչությունը փորում է իրենց հարազատների գերեզմանները, հանում աճյուններն ու տեղափոխում այլ բնակավայրեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով պետական համապատասխան գերատեսչությունները պետք է կազմակերպեն Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս բնկավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։

Այժմ իրականացվում են աշխատանքներ հայկական գյուղերում բնակվել ցանկացողների թիվը հստակեցնելու ուղղությամբ։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևի դժոխքը սա է․․․

Հենց հիմա Բերձորի և Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում։ Մարդիկ փորում են իրենց հարազատների գերեզմանները, հանում աճյուններն ու Կարմիր Խաչի եւ Արցախի իշխանության մասնակի ֆինանսական աջակցությամբ տեղափոխում այլ բնակավայրեր։

Պարզվեց, էստեղ էլ անլուծելի խնդիրներ կան. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող բերձորցիները եւս փորձում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան, սակայն գերեզմանների համար հատկացվող տարածքներ գրեթե չկան։

Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չպղծի քո գերեզմանը։

Իսկ օգոստոսի 22-ից Բերձորն ու Աղավնոն հոսանքազրկվելու են՝ օգոստոսի 25-ին թուրքին պաշտոնապես հանձնվելու համար։

Օգոստոսի 26-ին Ալիեւը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է»։