«Էրեխեքը կապվել էին, ասել էին, որ շրջափակման մեջ են, բայց ոչ ոք ոչ մի բան չարեց»․ Հայկը զոհվել է պատերազմից մեկուկես ամիս անց

«Երկրին տեր չկար, ղեկավարություն չկար, որ գնային, տեր կանգնեին էրեխեքին»,- հուզմունքով ասում է 48-ամյա Մելիտա Մեսրոպյանը, որի որդին զինակից ընկերների հետ Հադրութում հայտնվել է շրջափակման մեջ և զոհվել պատերազմի ավարտից շուրջ մեկուկես ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին։

«Ոչ ոք ոչ մի բան չարեց, երեխեքը կապվել էին, ասել էին, որ շրջափակման մեջ են, ես անձամբ հանդիպել եմ վարչապետի հետ, ասել եմ՝ էրեխեքը ողջ են, ասել ա՝ հնարավոր չի, ոնց կարան էրեխեքը ողջ լինեն։ Հետո Տելեգրամի ալիքով թուրքերը վիդեո էին դրել, նկարել էին բոյը, մենք մեր երեխեքին ճանաչեցինք ու արդեն հասկացանք, որ մեր էրեխեքին խփել են»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Մելիտայի խոսքով՝ հունվարի 3-ին 6 տղաների մարմինները փոխանցել են Արցախ, հունվարի 5-ին տղաների դիերը արդեն Հայաստանում էին։

«Հունվարի 7-ին հուղարկավորեցինք»,- ասում է նա:

Մելիտայի որդին՝ 18-ամյա Հայկ Հարությունյանը 3 ամսվա ժամկետային զինծառայող էր, Ջրականում է ծառայել։ Մայրն ասում է՝ պատերազմի առաջին օրերին չեն կարողացել որդու հետ կապ հաստատել, շատ անհանգիստ են եղել ու ամենավատն էին մտածում։ Հոկտեմբերի 6-ին, երբ Հայկը կամավորներից մեկի հեռախոսով տուն է զանգել, մայրն ասում է՝ շատ են ուրախացել, սակայն օրեր անց զանգը դադարել է ընդմիշտ։

«Հոկտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին խոսել ենք, ու էրեխեքը ընկել են շրջափակման մեջ։

Էրեխեքին տարել են, հանձնած Հադրութում են լցրել։ էրեխեքը հրամանատար չեն ունեցել, իրանց մեջից մի քիչ երկար ծառայածին տվել են հրամանատար, մնացածը փախել են: Էրեխեքը ոչ ճանապարհ են իմացել, ոչ քարտեզ են ունեցել, սկզբից եղել են 21 հոգով, հետո բաժանվել են խմբերի, որ կարողանան թշնամուց խուսափեն»,- ցավով պատմում է Մելիտան։

Հայկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, սակայն ընտանիքը մեդալը չի վերցրել։ «Ինձ մեդալը պետք չէր։ Իմ էրեխեն եթե պատերազմի ժամանակ զոհված լիներ, կասեի՝ էրեխես չի կարողացել, բայց իմ էրեխեն պատերազմն անցել ա, 52 օր պայքարել ա, բայց ոչ ոք չգնաց, չփրկեց շրջափակման մեջ հայտնված էրեխեքին։ Մեդալն ինչի՞ս է պետք»,- մորմոքով ասում է որդեկորույս մայրը։

Որդու զոհվելուց հետո Մելիտան ասում է՝ տնից դուրս չի գալիս, ոչ խանութ է գնում, ոչ որևէ մեկի հետ շփվում։

«Իմ կյանքը վերջացել ա։ Ո՞նց կարաս ապրես, եթե քո ամեն նպատակը կապված էր քո էրեխու հետ։ Չենք ապրում, ուղղակի ստիպված շնչում ենք, էնքան որ շնչում ես, չգիտես ինչի համար, անիմաստ դատարկություն»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Հայկ Հարությունյանը ցանկացել է ծրագրավորող դառնալ, անվճար ընդունվել է պոլիտեխնիկ համալսարան։

«Շատ խելացի էր, կիրթ, գրագետ, մեծ ձգտումներ ուներ, ասում էր՝ լավ սովորեմ, լավ գործ ունենամ, լավ մեքենա»,- հիշում է որդու խոսքերը մայրը։

Մայրն ասում է՝ ամբողջ Հրազդան քաղաքն է սգում որդու կորուստը․ «Հայկը ուրիշ էր, հոգատար, ուշադիր, մեծ տղամարդու պես էր իրեն պահում, հարգալից էր բոլորի հետ, ծանրակշիռ»։

Մայրն ասում է՝ ամեն վայրկյանն անցնում է որդու հետ զրուցելով, երբեմն վիճելով՝ ինչու չթողեց ու չվերադարձավ, ինչու մինչև վերջին շունչը պայքարի մեջ եղավ։

«Ինքս ինձ մեղադրում եմ, որ իրան թույլ տվեցի բանակ գնար, կռվում եմ իր հետ, որ պետք չէր ազնիվ լինել, պարտքի զգացում ունենալ, թող ինքն էլ փախներ»,- ասում է ու արտասվում մայրը։

Հայկին հուղարկավորել են Հրազդանում՝ ընտանեկան գերեզմանում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am