«Հրապարակ»-ը գրում է. Արցախի մեր աղբյուրները լրացուցիչ մանրամասներ են հաղորդում Բերձորում տիրող իրավիճակի հետ կապված։
Նախ մեզ ասացին, որ Աղավնոյից, Բերձորից, Սուսից մարդկանց տարհանումը ոչ թե ադրբեջանական կողմի պահանջն է՝ Ադրբեջանը պատրաստ է ընդունել, որ այս տարածքում ապրող թվով մոտ 350 հայազգի բնակիչները շարունակեն ապրել իրենց բնակավայրերում, պայմանով, որ նրանք դառնան Ադրբեջանի քաղաքացիներ եւ ապրեն Ադրբեջանի օրենքներով։ Այնպես, ինչպես, օրինակ, Թուրքիայում ապրում են Կիլիկիայի տարածքում մնացած հատուկենտ հայկական գյուղերի բնակիչները։ Այսինքն՝ աչքի առաջ ունենալով, որ ապրում են թշնամական պետության տարածքում եւ ենթարկվելով այդ պետության իշխանություններին եւ օրենքներին։
Այդ պարագայում Արցախի եւ Հայաստանի իշխանությունները որեւէ պատասխանատվություն չեն կրի այստեղ բնակվող հայերի կյանքի եւ անվտանգության համար։ Իսկ նման լարված իրավիճակում հայտնի չէ, թե ինչ կարող է լինել այդ մարդկանց հետ։ Արդյոք այդ գյուղերի բնակիչներն ինքնապաշտպանություն իրականացնելու եւ Ադրբեջանի կազմում գոյատեւելու կամք ու վճռականություն ունեն, ինչպես ունեցել են հպարտ կիլիկեցիները։ Նման վճռականություն կարող է ունենալ ուժեղ, անկոտրում եւ իր հողը պահելու որոշում կայացրած հանրույթը։ Իսկ 2020-ի պատերազմից հետո մեր ազգը շատ է կոտրվել եւ նման լոկալ ու վտանգավոր ծրագիր դժվար թե կարողանա իրականացնել։ Ուստի բերձորցիները հաշտվել են տեղահանման իրողության հետ եւ արդեն իրերն են հավաքում՝ պատրաստվելով հեռանալ իրենց բնակավայրերից։
Ինչ վերաբերում է տեղափոխությանը, ապա ունեցվածքից ինչ հնարավոր է կտեղափոխեն։ Ոմանք անգամ գերեզմանների մահարձաններն են հանում, գերեզմաններից մի բուռ հող վերցնում, որ վերաթաղեն, իրենց տներն են ապամոնտաժում՝ ինչ հնարավոր է, որ նոր բնակավայրում զրոյից չսկսեն կյանքը։ Տները վառելու մասին արդեն իսկ Հայկ Խանումյանը բացատրություններ է տվել, ասելով, որ դա փոխհատուցումների հետ կապ չունի, իրենք դա բարբարոսություն են համարում եւ կարող է այնպես ստացվել, որ կրկին վերադառնան այդ բնակավայրեր եւ պարզվի, որ արդեն մոխրացած է ամեն ինչ, ուստի հորդորել են չվառել տները։ Գուցե սրանք ընդամենը «կռուտիտներ» են, բայց մեզ այլ փաստարկներ էլ բերեցին։
Ասացին, որ տները վառելն անիմաստ է նախ այն պատճառով, որ ադրբեջանցիները, մահմեդական կրոնը դավանողները հայերի տներում, որպես կանոն, չեն ապրում։ Եւ մի փաստարկ էլ բերեցին՝ մենք կվառենք Աղավնոյի տները, իրենք էլ մեր կոմունիկացիաներին կվնասեն՝ չէ՞ որ իրենց տարածքում են մնում Արցախը սնուցող ջրի, հոսանքի, հաղորդակցության կոմունիկացիաները։ Այսինքն, կրկին վախի գործոնը կա, թեեւ չի բացառվում, որ այն ռեալ հիմքեր ունի։ Ի դեպ, լուրեր կան, որ օգոստոսի 22-ից Աղավնոյի, Բերձորի, Սուսի հոսանքն են անջատելու։
Տեղահանվող 350 բնակիչներին առաջարկվել է ընտրել՝ ապրել Արցախում կամ Հայաստանում։ Արցախում նրանց անմիջապես տներ են տրամադրելու, իսկ Հայաստան տեղափոխվելու դեպքում՝ բնակարան գնելու սերտիֆիկատներ։ Առաջիկայում կպարզենք, թե ինչ գումարի մասին է խոսքը։ Նաեւ ասացին, որ մեծ մասը նախընտրում են տեղափոխվել Հայաստան։ Նաեւ ամսական նպաստ են ստանալու՝ 45 հազար դրամի չափով։
Մեզ նաեւ ասացին, որ այսօրվանից 3 կիլոմետրանոց գրունտային ճանապարհի բարեկարգման աշխատանքներն են մեկնարկում եւ սեպտեմբերին արդեն այն տանելի վիճակում կլինի, որպեսզի Հայաստանի հետ կապը չընդհատվի։ Այդ ճանապարհը եւ առաջիկայում կառուցվելիք՝ Կոռնիձորից սկսվող ճանապարհը, գործելու է միջանցքի տրամաբանությամբ՝ այսինքն, ադրբեջանական մաքսակետ չի լինելու, թեեւ անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Այդ ճանապարհի եւ այստեղով փոխադրումների անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները։ Հիմնական այլընտրանքային ճանապարհը, որը 7-ից 11 կլիոմետր է կազմում, կառուցվելու է մոտ 250 օրվա ընթացքում՝ եթե հայկական կողմը շինարարությունը չձգի։ Այսինքն՝ 2023 թվականին արդեն այդ ճանապարհը կգործի․ այնպես, ինչպես նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում։
Մեզ հետ զրուցող արցախցիները զարմանում են այս աղմուկի վրա եւ կարծում են, որ մենք ուղղակի լավ չենք կարդացել, կամ լավ չենք հասկացել 20 թվի եռակողմ փաստաթուղթը, որը կնքել է Նիկոլ Փաշինյանը՝ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արդեն իսկ որոշված է եղել Լաչինին այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Արցախում կարծում են, որ այսօր իրոք շատ վատ բան է կատարվում եւ դա արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե այսօր, այլ 2020 թվականին եւ դրանից առաջ՝ երբ պատերազմը բերել է մեր տուն, ձախողել է Հայաստանի եւ Արցախի պաշտպանությունը, ջլատել է բանակը, տապալել է Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները, երբ սեւերի ու սպիտակների է բաժանել երկիրը, չի կարողացել հանրային մոբիլիզացիա իրականացնել, հայրենասեր եւ գիտակ կադրերին հալածել է, իսկ վերջում էլ միանձնյա ստորագրել է ամենաստորացուցիչ եւ հայ ժողովրդի շահերին հակասող համաձայնագիրը։