44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են՝ վերջապես պիտի պարզվի, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները, իսկ մեղավորները անպայման պետք է պատասխանատվություն կրեն։
«11-րդ վաշտի հրամանատարը հոկտեմբերի 27-ին զոհվել է։ Տղերքի պատմելով ուղիղ մի օր շտապօգնություն վերև չի հասել։ Ամսի 27-ից հետո ուղիղ երեք օր տղերքը մնացել են առանց հրամանատար, նրանց ոչ մի օգնություն չի գնացել։ Տղերքը բարձունքում զոհվել են ու ոչ մեկ օգնության չի գնացել, ինչու է այդպես եղել, ով պիտի պատասխան տա դրա համար, դրա համար ենք այստեղ,որ պատասխան տան»,- ասաց ծնողներից մեկը։
«Վաշտի հրամանատարը զոհվել է 27-ին, տղերքը 30-ին, բա փաստ չի, որ տղերքը առանց հրամանատարի են մնացել։ Մեր զինակից ընկերներն էլ են պատմել, որ այո, 11-րդ վաշտը երեք օր առանց հրամանատարի է մնացել։ Գումարտակի հրամանատարը ասում է, թե ինքը օգնություն է ուղարկել, բայց մարդիկ տեղ չեն հասել, բա եթե տեղ չեն հասել, դու ինչի ես տղերքին տենց թողել վերևը։ Այո, քրեական գործ կա հարուցված, բայց ոչ մի զարգացում չկա, տեղում կանգնած է այդ գործը։ Այո, գործը հարուցվել է գումարտակի հրամանատարի վրա»,- հավելեց նա։