Հրամանատարն իմ էրեխուն անձամբ չի սպանել, բայց իրա հրամանով էրեխեքին տարել ա մահվան

–Մա ջան, պատերազմ ա լինելու։ Եթե անգամ զորացրվեմ, գամ, մեկ ա պատերազմն սկսվելու ա, անխուսափելի ա, հետ եմ գալու անկախ ամեն ինչից։ Ու թե հանկարծ զոհվեմ էլ, չլացեք․ մարդ պետք ա Ռոբերտ Աբաջյանի նման զոհվի։

Արտաշես Խալաթյանը մոր հետ այս խոսակցությունն ունեցել է դեռևս սեպտեմբերի 20-ին՝ պատերազմից առաջ։

Արտաշեսը

Արտաշեսը շատ նրբանկատ ու խիզախ տղա էր, հումոր, սատիրա ուներ։ Զորակոչվել ա 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։ Սկզբում ծառայել ա Էջմիածնում՝ ինժեներասակրավորների գնդում։ 6 ամիս ստանալով սակրավորի մասնագիտությունը՝ տեղափոխվում ա Մեղրիի Ագարակ ծառայելու։ Վերջին անգամ իրան տեսանք երդման արարողության օրը։ Ծառայությունից ընդհանրապես չէր բողոքում։

Պատերազմն սկսվեց

–Մենք դժվար «պրիզիվ» ենք։

–Ինչի՞ ես տենց ասում։

–Դե նայի, 19– ը շատ դժբախտ թիվ ա․ դեկտեմբերի 19–ին զորակոչվեցինք, ես 19 տարեկան եմ, Կովիդ 19ը․․․ եսիմ։

Մի շարք բաներ իրար ա կպցրել ու տենց հումորի միջոցով փորձել ա ինչ–որ բան հասկացնի մեզ։

Սեպտեմբերի 30-ին զանգեց, ասեց՝ «պա, մեզ երկու օրով տանում են Ջաբրայիլ ականապատում պիտի անենք, օգնելու բան կա»։ Երկու օրը դառավ մի շաբաթ, էդ ընթացքում խոսում էինք անընդհատ, իմ հետ կիսվում էր, ամեն ինչ պատմում էր, բայց մեկ ա թողնում էր իրա կաղապարի մեջ, որ իրենից ոչ մի բան չիմացվի։

Ընդհանուր անցուդարձից ես տեղյակ եմ եղել, իրան ասել եմ՝ «եթե զոհվելու լինես, դուխով կզոհվես, հիշի՝ քաջին գնդակը չի կպնում, վախկոտին ավելի շուտ ա կպնում պատերազմի ժամանակ, դրա համար ինչ–որ անելու ես, քաջաբար կանես»։

Հոկտեմբերի 8–ին վայբերով զանգել էր, հարցրինք՝ «ի՞նչ ա եղել, զենքդ ո՞ւր ա», «բռոնի ժիլետը» հագը չէր, զենքը մոտը չէր, ասեց՝ «հենա էն կողմը գցած ա, զենքը «ռագատկա» ա ստեղ, պա, պետք չի գալիս, անելիք չունենք», ու անընդհատ երկինք էր նայում․ «բեզպիլոտնիկներ» էին։ Վերջին անգամ ինքը խոսել ա հորեղբոր հետ հոկտեմբերի 9-ին․

–Հոպար ես գնում եմ, շատ վռազ եմ, որ հետ եկա, կզանգեմ քեզ։

–Դու տենց բան կյանքում չես ասել, ինչի՞ ես «որ»–ով խոսում։

–Չեմ կարա ասեմ․ եթե եկա, կզանգեմ։

«Սակրավորների մեքենան այրվել ա»

Ամսի 10-ի գիշերը իմացանք, որ Մեղրիի սակրավորների մեքենային խփել են, արդեն զանգ չունեինք, ես հասկացա, որ մի բան էն չի։ Ու արդեն փորձեցինք գտնել, մարդիկ խառնեցինք, բայց արձագանք չստացանք։ Հետո լրիվ պատահական իմացանք․հեռուստացույցով անուն ազգանուններ էին ասում։ Հրամանատարը հրաման ա տվել նստել «ուրալ», նստել են էրեխեքը, 5 րոպե հետո խփել են մեքենան, 17-ն էլ այրվել են։

Բոլորն էլ երևի կարան փաստեն, որ էնտեղ ոչ մեկը ոչ ճանաչել ա, ոչ տեսել ա իր էրեխուն․ այրված են եղել։ ԴՆԹ անալիզով ենք իմացել մենք։ Ինձ բացատրում էին, որ 7-14 օր ա տևում, մինչ ԴՆԹ–ի արդյունքը իմանում են, բայց իրանք մեզ տալիս են ասում են ընդամենը 4 օր հետո, էն էլ հեռախոսազանգով․ փաստաթուղթն էլ չեն տվել։

Քրեական գործը

Եթե էրեխեքից մեկի հայրը՝ Հարութը, էնտեղ չլիներ, էս հետքը կորելու էր, ամեն ինչը փակելու էին, անցներ, գնար։ Սկզբում, երբ մենք որոնողական աշխատանքներ էինք տանում, ասեցին՝ 8 հոգին փրկված են սակրավորներից․ կեսը ուրիշ տեղ են եղել, կեսը՝ ուրիշ։ Հետո արդեն անցավ էնքան ժամանակ, մինչև Հարութն արդեն բողոքը ներկայացրեց։ Հիմա դատական «պրոցեսը» ընթանում ա նորմալ, դատավորն էս հարցին պատրաստակամ ու լրջորեն ա մոտենում։

Դեպքի մասին շատ վատ բաներ եմ մտածում․ նախաքննության մեջ նշվում ա, որ նույնիսկ սակրավորների մեջ խոսակցություն էր գնում փախուստի մասին, որ կարելի ա դուրս գալ դաշտից, բայց եթե փախնող ա զինվորը, ո՞նց կարա մի սրիկայի հրաման կատարի։ Կամ եթե փախուստի խնդիր կար, առաջին հերթին կփախներ Հարություն Օհանյանի տղան հոր հետ։

Վերանյանը իմ էրեխուն չի սպանել, որպես մարդասպան, բնական ա, որ թուրքն ա սպանել, բայց իրա հրամանով ինքը տարել ա էրեխեքին մահվան, ուրիշ բաներ են սրանք։ Ինքը միևնույն մարդասպանն ա, ցեղասպանն ա։

Պահանջում ենք դատարանից արդար դատավարություն՝ առանց կողմնակալության։ Բայց ինչ էլ լինի, կանգ չենք առնելու, ինքը պետք ա ստանա իրա արժանի պատիժը։ Ամենալավ տարբերակն ա, որ օրենքի սահմաններում կրի իր պատիժը։

Անի Թորոսյան
forrights.am