Պայթյուն և փլուզում՝ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում… բժիշկները պայքարում են 2 տղաների կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։

Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տանտիրոջ և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Մասիս Հովհաննիսյանն ու 22-ամյա Տարոն Մկրտչյանը։