Քիչ առաջ մահացել է՝ երեկ՝ օգոստոսի 4-ին, Արարատի մարզում վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ.-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Դարակերտ գյուղի դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։
Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռիմա Հ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։50-ի Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզում են, որ մահացածը Դարակերտ գյուղի բնակիչ՝ 8 ամսական Արման Ա-ն էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը, ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցի 99 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Ռիմա Հ-ին և Արման Ա-ին։