Սարսափելի պատահար… Դարակերտ գյուղի դպրոցի մոտ Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա մորն ու նրա 8 ամսական որդուն… երեխան մահացել է

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռիմա Հ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։50-ի Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզում են, որ մահացածը Դարակերտ գյուղի բնակիչ՝ 8 ամսական Արման Ա-ն էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը, ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցի 99 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Ռիմա Հ-ին և Արման Ա-ին։ Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։