Ինչու՞ են սպիտակում մազերը

Ինչու՞ են սպիտակում մազերը, կարելի՞ է արդյոք կանխել վաղ տարիքում սպիտակ մազերի առաջացումը, ավելի գեղեցիկ են սպիտակահերնե՞րը, սևահերնե՞րը, թե՞ շիկահերները։ Փորձենք գտնել այս հարցերի պատասխանը։

Սպիտակ մազերի առաջացումը գենետիկորեն ծրագրավորված ֆիզիոլոգիական պրոցես է․ մարդը ծերանում է։

Սովորաբար մազերն սկսում են սպիտակել 35-40 տարեկանից հետո՝ քիչ ծավալով, իսկ 50-ից հետո պրոցեսն արագանում է։

Որոշ մարդկանց մազերն սկսում են սպիտակել շատ ավելի վաղ տարիքից, օրինակ՝ 25 տարեկանից․ սա գենետիկ հակվածության մասին է խոսում։ Եթե պապի կամ հոր մազերը ևս վաղ տարիքից են սկսել սպիտակել, շատ մեծ է հավանականությունը, որ նրանց ժառանգները, անկախ սեռից, նույնպես վաղ տարիքից սպիտակ մազեր կունենան։ Այս պրոցեսը հնարավոր չէ ո՛չ կանխատեսել, ո՛չ էլ կանխել։

Արտաքին գործոնները նույնպես ազդեցություն ունեն․ սթրեսը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, վատ սնվելը, մասնավորապես՝ B խմբի վիտամինների պակասը, աուտոիմուն հիվանդությունների առկայությունը, օրինակ՝ վահանաձև գեղձի ախտահարումը։

Տարածված կարծիք կա, թե վաղ տարիքում մազերը սպիտակելու պատճառ կարող է լինել նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը՝ վատ էկոլոգիան։ Դա այնքան էլ ճիշտ չէ․ բնապահպանական գործոնները բացասաբար են անդրադառնում մազի որակի վրա, սակայն սպիտակելու պատճառ չեն կարող լինել։

Մեկ այլ տարածված կարծիքի համաձայն էլ՝ մարդը, ուժեղ սթրեսի հետևանքով, մեկ գիշերում կարող է սպիտակել։ Դա իրականում, ըստ բժիշկ-տրիխոլոգների, այնքան էլ ճիշտ չէ՝ այն պատճառով, որ մազերը աստիճանական, փուլային պրոցեսի արդյունքում են սպիտակում․ մելանոցիտներն աստիճանաբար են դադարում մելանին արտադրել։

Բոլոր մարդկանց մազերում կա էումելանին՝ մուգ պիգմենտ և ֆեոմելանին՝ շիկակարմիր․ դրանց հարաբերակցությամբ էլ մարդն այս կամ այն գույնի մազեր է ունենում։ 90 տոկոս մարդկանց մոտ գերակշռում է էումելանինը, իսկ 1,8 տոկոսի մոտ՝ ֆեոմելանինը, մնացածի մոտ՝ դրանց համակցությունը։ Մազը սպիտակելիս թափանցիկ է դառնում, երբեմն՝ ասես դեղնավուն երանգի, բայց դա ընդամենը տեսողական խաբկանք է։

Տղամարդկանց ու կանանց մազերը տարբեր կերպ են սկսում սպիտակել։ Տղամարդկանց մոտ սկզբում սկսում է սպիտակել քունքի հատվածը, մորուքը, նրանց մազերն ավելի վաղ տարիքում ու ավելի արագ են սպիտակում, քան կանանց մազերը։

Կանանց մազերը սովորաբար սկսում են սպիտակել ծոծրակի մոտ ընկած հատվածից։ Սկզբում ընդամենը մի քանի պիտակ մազեր են նկատվում, փնջով սպիտակ մազեր չեն լինում, աստիճանաբար պրոցեսն արագանում է, սպիտակ մազերն ավելի են շատանում։

Սպիտակ մազերը կարելի է զգուշորեն կտրել մկրատով՝ արմատի մոտից, սակայն քաշել և պոկել չի կարելի, քանի որ կվնասվի մազի սոխուկը, որը պարուրված է մազային պարկիկով՝ ֆոլիկուլով, և այդ հատվածում մազն այլևս չի աճի։

Սպիտակ մազերն առողջ մազեր են, սակայն սպիտակ մազերի առկայությունը շատ հաճախ որպես էսթետիկ՝ գեղագիտական թերություն է ընկալվում։ Մարդիկ տարբեր կերպ են մոտենում այս խնդրին․ ոմանք բարդույթավորվում են, ոմանք՝ գտնում, որ նոր ոճ ունեն, և սպիտակահեր լինելը նույնքան գեղեցիկ է, որքան օրինակ՝ սևահեր կամ շիկահեր լինելը։

Սպիտակ մազերի հետ «չհաշտվողները» հաճախ ներկում են դրանք, սակայն կարևոր է իմանալ, որ մազերի համար նախատեսված բոլոր ներկերը չեն, որ արդյունավետ քողարկում են սպիտակ մազերը։ Ոչ շատ խիտ ու ոչ մնայուն ներկերը ցանկալի արդյունք չեն տա, այս հարցում արդեն պրոֆեսիոնալ վարսահարդարի խորհուրդներն է պետք լսել։

Ամեն դեպքում, մարդը գեղեցիկ է ցանկացած տարիքում․ այդ գեղեցկությունը պարզապես պետք է տեսնել ու նկատել։

Հատկանշական է նաև, որ ժամանակակից հասարակությունը փոխել է իր վերաբերմունքը գեղեցկության ու դրա չափանիշների նկատմամբ․ եթե 20-րդ դարում նույնիսկ տղամարդիկ էին շատ հաճախ մազերը ներկում՝ սպիտակահերությունը թաքցնելու համար, ապա մեր օրերում հասարակությունը շատ ավելի տոլերանտ է դարձել, նախընտրում է բնական գեղեցկությունը, տղամարդիկ ու կանայք ձգտում են ընդգծել իրենց անհատականությունը և երևալ այնպիսին, ինչպիսին կան։

Aysor.am