Տեսեք, թե ինչ են արել երկու ժամկետային զինծառայողները Արցախյան պատերազմին չմասնակցելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, ընթացող մարտական գործողություններում ընդգրկվելուց խուսափելու նպատակով, ՊԲ N զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վ․Կ․-ն ու Ն․Ա․-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել միմյանց օժանդակությամբ իրենց առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) միջոցով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը։

Այդ նպատակով 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի հարևանությամբ Ն.Ա․-ն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Վ.Կ․-ի ձախ ուսի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս, այնուհետև վերջինս իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Ն.Ա․-ի աջ սրունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, որոնք հանգեցրել են նրանց զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Վ.Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) հոդվածի 5-րդ մասով, 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով և 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, իսկ Ն․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով, 363-րդ հոդվածի 5-րդ մասով և 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, 2022 թվականի փետրվարի 9-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։